Weather in Armenia Informer: Nice Weather on Your website! The Staff: About Meteo-TV, Armenia Meteo-TV, Armenia: What We Do Meteo-TV, Armenia: Our Studios Armenia and the Links
Contact us via e-mail Armenian Russian English
 

Armenia
     Catalogues and
                          Links

A B C D E F G H I K L M
N O P Q R S T U V W X Y Z
 

Հայաստանի Հանրապետություն

 

Ընդհանուր տեղեկություններ

Բնակչությունը` 3.213.011 մարդ (հայերը կազմում են 96%)

Տարածքը` 29.800 քառ. կմ

Անկախության հռչակումը` 21-ը սեպտեմբերի 1991թ.


Կառավարման համակարգը` Նախագահական Հանրապետություն

Խորհրդարանը` Ազգային ժողով, 131 պատգամավոր

Սահմանադրությունը. ընդունվել է 1995թ. հուլիսի 2-ին (փոփոխություններ են արվել 2005թ.): Այն սահմանում է իշխանության տարանջատման սկզբունքը և երաշխավորում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` համաձայն համընդհանուր հռչակված նորմերի և չափանիշների

Մայրաքաղաքը` Երևան (բնակչությունը` 1.103.488)

Վարչական բաժանումը` 10 մարզ և քաղաք Երևան

Լեզուն` հայերեն

Կրոնը` քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)

Դրամական միավորը` հայկական դրամ: Շրջանառության մեջ է 1993թ. նոյեմբերից

Աշխատուժը. մոտավորապես 2 մլն մարդ աշխատունակ է, որից մոտ 1.2 մլն` տնտեսապես ակտիվ, գործազրկության մակարդակը` 10%

Զբաղվածությունը. մասնավոր սեկտորում աշխատում է 77%, հասարակական սեկտորում և պետական համակարգում` 23%

Կրթվածությունը` 99%

Ժամանակային գոտին` GMT+4 (Գրինվիչի ժամանակ + 4 ժամ)

Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին. Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և այլն:

Հայկական սփյուռք. հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում (մոտ 6 մլն): Ամենամեծ համայնքները գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Շվեդիայում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում:

Բնությունը

Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 կմ2: Հայաստանի տարածքը ծավալվում է 360 կմ երկարությամբ և 200 կմ լայնությամբ: Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակարդակից 1000-ից մինչև 2500 մետր բարձրության վրա, հյուսիսից և արևելքից շրջապատված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով:

Ամենամեծ լեռնագագաթներն են Արագածը (4090 մ) և Կապուտջուղը (3904 մ): Արևային ճառագայթումը կազմում է տարեկան 2700 ժամ: Կլիման ցամաքային է, չորային` տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով: Օդի միջին ջերմաստիճանը ամռանը +25˚C է, իսկ ձմռանը` -5˚C, տարվա մեջ արևային օրերը կազմում են 280 օր: Երկրի կենտրոնական մասում տարածվում է հրաբխային լեռների գոտին, որոնք հրահեղուկ զանգվածներից առաջացած միջին բարձրության լեռներով և վահանաձև զանգվածներով մասնատված տարանջատ լեռնաշղթաներ են: Հյուսիսում և հարավարևելքում լեռները բաժան-բաժան են արված հովիտների խիտ ցանցով, որոնցից շատերը խորը կիրճեր են: Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվում է Արարատյան դաշտավայրը:

Հայաստանի տարածքը պատկանում է երիտասարդ ալպիական ծալքավորվածություն ունեցող գոտուն, որտեղ դեռ շարունակվում են ժամանակակից լեռնագոյացման պրոցեսները: Երկիրը հարուստ է օգտակար հանածոներով, կան պղնձի, մոլիբդենի, ոսկու, երկաթի, ցինկի և այլ պաշարներ: Հայաստանը քարային շինանյութերի մեծ շտեմարան է:

Ավելի քան 215 գետեր են հոսում Հայաստանի տարածքով, որոնք պատկանում են Կասպից ծովի ավազանին: Նրանք նավագնացության համար հարմար չեն, բայց օժտված են հիդրոէներգետիկական մեծ պոտենցիալով, որը և օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու և ոռոգման նպատակներով:

Հայաստանում կան հարյուրից ավելի լճեր: Դրանցից ամենամեծը բարձրադիր քաղցրահամ Սևանա լիճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա, այն ունի ավելի քան 1200 կմ2 տարածք:

Հայաստանի տարածքի 13% զբաղեցնում են անտառները: Վարելահողերը կազմում են մոտ 17%, իսկ 20% զբաղեցնում են մարգագետիններն ու արոտավայրերը:

Հարուստ և ինքնատիպ է բուսական ու կենդանական աշխարհը: Հայաստանի տարածքում աճում են մոտ 3200 տեսակի բույսեր, որոնցից 106-ը էնդեմիկ են: Կենդանական աշխարհը շատ բազմազան է. կան հազվագյուտ տեսակի թռչուններ ու կենդանիներ` հայկական մուֆլոն, այծյամ, վարազ, անդրկովկասյան գորշ արջ, բեզոարյան այծ, իսկ թռչուններից` սևագլուխ կեռնեխ, գորշ կաքավ, դաշտային մկնորս, մկնաբազե, արտույտ, մորաճուռակ, շամբաճուռակ և այլն:

Քրիստոնեության ընդունումը

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Քրիստոնեության մուտքը Հայաստան և այնուհետև դրա տարածումն անցել է դժվարին ճանապարհ, քանի որ հեթանոսությունը երկրում ուներ խոր արմատներ: Քրիստոնեությունը Հայաստան է ներթափանցել ավելի վաղ` մ.թ. 1-ին դարում (60-68թթ.): Այն երկրում տարածել են Քրիստոսի երկու աշակերտները` Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Նրանք Հայաստան էին եկել Ասորեստանից և Կապադովկիայից, հայտնի էին որպես հայոց աշխարհի լուսավորիչներ, մկրտում էին իշխանական ընտանիքներին և հասարակ մարդկանց:

Երկու դար շարունակ քրիստոնյաները Հայաստանում ստիպված էին իրենց կրոնը գաղտնի տարածել, քանի որ պետական կրոնը հեթանոսությունն էր, իսկ հեթանոսները մեծամասնություն էին կազմում: Այս իրավիճակը տևեց մինչև 301 թվականը, երբ Տրդատ III թագավորը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց հայոց թագավորին, թագավորական ընտանիքին, նախարարներին, Սյունյաց իշխանին ու նրա զորքին:

Հայ Առաքելական եկեղեցին հայերի ազգային եկեղեցին է: Նրա հոգևոր և վարչական կենտրոնը Էջմիածինն է, իսկ հոգևոր առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այժմ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն. Ս. Տ. Տ. Գարեգին Բ-ն է: Հայաստանը համարվում է քրիստոնեական թանգարան բաց երկնքի տակ, Հայաստանի տարածքում կան բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ` տաճարներ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, հին ձեռագրեր և այլն: Հայկական եկեղեցիներ և վանքեր են կառուցվել երկրի ողջ տարածքում` անմատչելի լեռնային բարձունքներում, խոր կիրճերում, անտառներում և այլուր: Այս վանքերը ծառայել են որպես կրթական և լուսավորչական կենտրոններ, հետազոտական դպրանոցներ և մեզ ապշեցնում են իրենց բացառիկ ճարտարապետությամբ, ուսանելի պատմությամբ և խորհրդավոր ոգով: Ամեն տարի հազարավոր ուխտավորներ են այցելում այս վայրերը:

Առաջին գիրքը, որը թարգմանվել է հայերեն հայկական գրերի ստեղծումից հետո 5-րդ դարում, Աստվածաշունչն էր: Աստվածաշունչն ու Ավետարանը բազմիցս արտագրվել են հայ հոգևորականների կողմից, և այսօր Մատենադարանում պահպանվող 14000 հին ձեռագրերի 20% Աստվածաշունչ ու Ավետարան է: 2001թ. Հայաստանը նշեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700 ամյակը: Հին քրիստոնեական ավանդույթների պահպանման հետ մեկտեղ հայերը մայրենի լեզվով գրված առաջին նախադասությանը վերաբերում են որպես լուսավորության և առաջադիմության պայքարի պատվիրան. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Հայաստանի քարտեզը տարբեր ժամանակաշրջաններում

Historical map of Armenia according to "Ashkharhatsujts" of Anania Shirakatsi (7th century a. C.)

"Ashkharhatsujts" of Anania Shirakats

New Pocket Atlas, Robert de Vaugondy, 1762

New Pocket Atlas, Robert de Vaugondy, 1762

Armenia, Mesopotamia, Babylonia and Assyria with Adjacent Regions", Karl von Spruner, published in 1865

Հայաստանի տարածաշրջանի քարտեզը, 1865

Հայաստանի ժամանակակից քարտեզը

Պատմությունը

Հնագույն պատմություն

Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Նրանց պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որը Փոքր Ասիայի և Իրանական բարձրավանդակի հետ միասին համարվում է հնդեվրոպացի ազգերի նախահայրենիքը: Հայերի ինքնաանվանումն է «հայ», իսկ երկիրը` Հայաստան: Հնագույն Հայասա երկրի (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ) մասին տեղեկություններ են գտնվել խեթական պետության մայրաքաղաքի պեղումների ժամանակ: Իսկ մ.թ.ա. առաջին հազարամյակի ասորական սեպագրերը տեղեկություններ են հաղորդում ուրարտացիների ու Ուրարտական հզոր պետության մասին, որն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը: Ուրարտական պետության (Արարատյան թագավորություն) օրոք ստեղծվեցին բազմաթիվ բարձրարվեստ գործեր: Հենց այդ ժամանակաշրջանում է կառուցվել Էրեբունի ամրոցը (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.): Այն գտնվում է ժամանակակից Երևանի տարածքում, որի անունը ծագում է հենց էրեբունի անունից:

Ուրարտուից հետո կազմավորվեց Երվանդունիների hայկական թագավորությունը: Այն ձգտում էր ազատվել Պարսկաստանում տիրող Աքեմենյանների գերիշխանությունից: Դա հաջողվեց մ.թ.ա. 4-րդ դարում, երբ Ալեքսանդր Մակեդոնացին մի շարք պետությունների շարքում գրավեց նաև Պարսկաստանը, իսկ Հայաստանը դարձավ հելլենական աշխարհի մի մասը: Այնուհետև Հայաստանն իր անկախության համար պայքարում էր Մակեդոնացու կայսրության քայքայման հետևանքով կազմավորված Սելևկյան պետության դեմ, սակայն մ.թ.ա. 201թ. Սելևկյաններին հաջողվում է տիրել Հայաստանին:

Մ.թ.ա. 189թ. Սելևկյան միապետությունը գրավեցին հռոմեացիները, և Մեծ Հայքը լիովին ազատվեց նրանց տիրապետությունից: Այդ ժամանակ Արտաշես I-ը իրեն հռչակեց Մեծ Հայքի անկախ թագավոր և իր թագավորությանը միացրեց Փոքր Հայքը, այսպիսով, ստեղծվեց միացյալ հայկական պետություն:

Հայաստանն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում: Տիգրան Մեծի հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիմնական մասը: Այն ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Քուռ գետից մինչև Միջագետք: Այդ ժամանակահատվածի ամենագլխավոր իրադարձությունը հայոց լեզվի վերջնական ձևավորումն էր: Հունական աշխարհագետ-պատմաբան Ստրաբոնը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող ողջ ժողովուրդն արդեն խոսում էր մեկ լեզվով: Այդ տարիներին մեծ վերելք ունեցավ արհեստների, առևտրի ու մշակույթի զարգացումը: Հիմնադրվեցին հայկական առաջին քաղաքները, այդ թվում նաև Մեծ Հայքի մայրաքաղաքը` Արտաշատը: Հույն հեղինակ Պլուտարքոսը Արտաշատը նմանեցնում էր Կարթագենին: Նա գրել է այդ քաղաքի գեղեցկության ու փառքի մասին: Արտաշատը, գտնվելով դեպի Սև ծովի նավահանգիստները տանող ճանապարհների խաչմերուկում, դարձավ ոչ միայն քաղաքական, այլ նաև կարևոր առևտրական կենտրոն ու կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև:

Նոր դարաշրջանի առաջին դարերն անցնում էին Հռոմի և հզորացող Պարթևստանի թագավորության միջև տեղի ունեցող պատերազմներով: Իսկ բախումների թատերաբեմը Հայաստանն էր, որը և բաժանվեց 4-րդ դարում: Դրանից ավելի վաղ` 301թ., Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական երկիրը: Մեկ դար անց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ մեկ ուրիշ կարևոր իրադարձություն` 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որը հետագայում պաշտպանեց հայերին օտար ազգերի հետ միաձուլումից:

Միջնադար

Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Արաբական Խալիֆաթի կազմավորումը պատմական այնպիսի իրադարձություն էր, որի հետ երկար ժամանակ ստիպված էին հաշվի նստել հին աշխարհի շատ պետություններ ու ազգեր: Հայ ժողովուրդը Արաբական խալիֆայության դեմ երկարատև ազատագրական շարժումների շնորհիվ, ի վերջո, վերստին ձեռք է բերում իր քաղաքական անկախությունը` Բագրատունիների նախարարական տունը 8-րդ դարում իր իշխանության տակ է վերցնում Հայաստանի զգալի մասը, իսկ 885թ. Աշոտ Բագրատունին ճանաչվում է Հայաստանի թագավոր, որի թագավորությունն ընդունվում է ինչպես խալիֆայության, այնպես էլ բյուզանդական կայսրի կողմից: Բագրատունիների թագավորությունն իր զարգացման գագաթնակետին հասավ 10-11-րդ դարերում:

Սկսած 11-րդ դարի կեսերից, նոր զավթիչների` թուրք-սելջուկների արշավանքների և Արաբական խալիֆայության թուլացումից հետո վերսկսված Բյուզանդիայի և Պարսկաստանի պայքարի հետևանքով հայկական թագավորությունը սկսեց անկում ապրել: Իսկ 13-րդ դարում մոնղոլ-թաթարական արշավանքները վերջնական ավերում հասցրեցին երկրին: 11-րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին մի քանի հայկական իշխանություների ուժերով ստեղծվեց Կիլիկիայի հայկական իշխանությունը, իսկ 12-րդ դարում հռչակվեց Կիլիկիայի անկախ հայկական թագավորությունը, որի թագավոր կարգվեց Լևոն II Ռուբինյանը: Կիլիկյան թագավորությունը մոտ երեք հարյուր տարի (մինչև 14-րդ դար) պահպանեց հայկական պետականությունը և հայկական մշակույթի ավանդույթները:
Կիլիկյան թագավորությունը կործանվեց 14-րդ դարում եգիպտական մամլուքների կողմից:

Նոր և նորագույն պատմություն

Թուրք-օսմաների պատմության ասպարեզ մտնելուց հետո հայ ժողովրդի պատմության մեջ սկսվեցին մռայլ ժամանակներ: 15-17-րդ դարերում Հայաստանի տարածքը դարձել էր մշտական բախումների թատերաբեմ Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև, և 1639թ. այն բաժանվեց այդ երկու պետությունների միջև: Թուրքական և պարսկական տիրապետությունը կանգնեցրել էին Հայաստանի մշակութային զարգացումը, իսկ ժողովրդի վիճակը մի քանի դարով «հետ էր ընթացել»: Միայն որոշ լեռնային շրջաններում (Սյունիքում, Արցախում և այլն) հայերին հաջողվեց պահպանել կիսաանկախ իշխանություններ (մելիքություններ), ուր իշխում էին բնիկ հայ իշխանները` մելիքները: Արևելյան Հայաստանում, բացի մելիքություններից, 18-րդ դարում Դավիթ Բեկի գլխավորությամբ մղված ազատագրական շարժման արդյունքում, 1722-1730 թվականներին հաջողվեց ստեղծել Մեծ Կապանի անկախ իշխանությունը:

1828թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Արևելյան Հայաստանը Էրիվան ամրոցով հանդերձ միացվեց Ռուսաստանին: Իսկ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի հայերը մնացին մշտական ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ: Հակահայկական թուրքական քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1915-16 թվականներին թուրքական կառավարությունը հայերի նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն, որի ժամանակ զոհ գնացին 1.5 միլիոնից ավելի հայեր: Պատմական Հայաստանի մեծ մասը զրկվեց իր բնիկ բնակչությունից:

1918թ. մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայկական անկախ պետությունը, որը գոյատևեց 2.5 տարի: Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չկարողանալով դիմակայել թուրքական բանակի հարձակումներին և բոլշեվիկյան Ռուսաստանի զավթողական ձգտումներին, 1920թ. իշխանությունը հանձնեց բոլշեվիկներին: Խորհրդային Հայաստանը հետագայում մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդային տարիներին Հայաստանն անմասն չմնաց ստալինյան և բոլշևիկյան բռնապետության ողջ դաժանություններից, այնուամենայնիվ, երկիրը նորոգվում էր ու որոշակի զարգացում ապրում:

Ըստ www.welcomearmenia.com-ի

Տեսեք նաև Հայոց Տաճարներ էջը
Իմացեք ավելին Վիքիպեդիայի կայքում

 


You are welcome to suggest a resource via , and we will acknowledge it for our catalogue.